ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց, գրել է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
8-րդ գումարման ԱԺ-ում հանձնաժողովը ղեկավարում էր Քոչարյանը, իսկ 9-րդ գումարման խորհրդարանում այդ պաշտոնում նրան փոխարինել է ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Կայքի աղբյուրների պնդմամբ՝ Քոչարյանը չի ցանկացել աշխատել Գաբրիելյանի ղեկավարած հանձնաժողովում։ Կայքի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողով՝ որպես անդամ։
Կայքն անդրադարձել է նաև նախորդ գումարման ԱԺ-ում Քոչարյանի և Գաբրիելյանի միջև վատթարացած հարաբերություններին։ Ըստ աղբյուրի՝ նույն հանձնաժողովում աշխատելու ընթացքում նրանք նույնիսկ չեն բարևել միմյանց։ Որպես տարաձայնությունների պատճառ՝ նշվում է Քոչարյանի սահմանած արգելքը․ նա հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներին թույլ չէր տալիս ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին և զեկույցի բովանդակությանը։
Գաբրիելյանը հանձնաժողովի նախագահ էր ընտրվել օգոստոսին։
Կարդացեք նաև՝
Անդրանիկ Քոչարյանը նոր խորհրդարանում չի գլխավորի Պաշտպանության հանձնաժողովը․ ԶԼՄ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







