Հայաստանը կարող է բարձրացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման համար վճարի հարց, եթե ռուսական գազը թանկանա։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում։
ՔՊ պատգամավորի գնահատմամբ՝ 2021 և 2022 թվականների իրադարձությունները, երբ Ադրբեջանի կողմից հարձակման էր ենթարկվել Հայաստանի ինքնիշխան տարածքը, ցույց են տվել, որ ռուսական ռազմաբազան չի կատարել իր առաքելությունը։
Անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման ռիսկերին՝ Գաբրիելյանը նշել է, որ դա բացասաբար չի անդրադառնա ՀՀ անվտանգության վրա։
Ապագայում Ռուսաստանին ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ պատգամավորը նշել է, որ որևէ սցենար բացառված չէ։ Նրա խոսքով՝ նման հարց բարձրացնելը Հայաստանի իրավունքն է։
«Կարծում եմ՝ որևէ բան ապագայում բացառված չէ։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում ևս մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև, ըստ պայմանագրի, ռազմաբազան կարող է Հայաստանից դուրս բերվել կողմերից մեկի պահանջով»,- պարզաբանել է նա։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ակնարկին, թե ռուսական գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է «թանկացնել որոշ բաներ»՝ Գաբրիելյանը չի բացառել, որ խոսքը կարող է վերաբերել նաև ռազմաբազայի տեղակայման համար վճարին։
«Ինչո՞ւ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»,- ասել է նա։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա։ 2010 թվականին կողմերը բազայի տեղակայման ժամկետը երկարաձգել են մինչև 2044 թվականը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է «նույնիսկ վաղը» դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, եթե Երևանը համարում է, որ դրա կարիքը չունի։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։
Փաշինյանը սեպտեմբերի 2-ին պատասխանել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել 102-րդ ռազմաբազան հանրապետության տարածքից։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ Երևանն ինքը ռազմաբազայի դուրսբերման հարց չի բարձրացրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







