Մարտի 2-ից վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհված լիբանանցիների թիվը հասել է 4359-ի, իսկ վիրավորներինը՝ 12 362-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 5 լիբանանցի է զոհվել, ևս 37-ը՝ վիրավորվել երկրի հարավային և արևելյան շրջաններում Իսրայելի իրականացրած ավիահարվածների հետևանքով։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը կեսօրին հարվածներ են հասցրել Վադի ալ-Սուլուկի և Վադի ալ-Խոջեյրի հովիտներում գտնվող ցամաքային թիրախներին։ Ավիահարվածների թիրախում է հայտնվել նաև Տյուր քաղաքի մոտ գտնվող Էլ-Մանսուրի գյուղը։
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, որը նախատեսում էր հրադադար և իսրայելական ուժերի դուրսբերում Լիբանանի տարածքից՝ երկրի հարավում գտնվող բնակավայրերը շարունակում են պարբերաբար հրետանային և օդային հարվածների ենթարկվել, իսկ իսրայելական զինվորականները նաև ռմբակոծում են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Իսրայելի զինվորականների պնդմամբ՝ հարվածներն ուղղված են «Հեզբոլլահ»-ի հետ կապված թիրախներին և իրականացվում են Իսրայելի հյուսիսը շիական խմբավորման կողմից ներկայացվող հնարավոր սպառնալիքից պաշտպանելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







