Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:28

Բաքվում պահվող հայերի իրավունքների խախտումներ մասին գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Բաքվում պահվող հայերի իրավունքների խախտումներ մասին գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն օգոստոսի 21-ին ի Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, գեներալ-մայոր, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի, Դավիթ Ալավերդյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Գուրգեն Ստեփանյանի և Մելիքսեթ Փաշայանի վերաբերյալ։

Գանգատը ներկայացվել է հասարակական գործունեության շրջանակում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հետ համագործակցությամբ։

Գանգատում բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից 15 հայի նկատմամբ իրականացված «դատավարությունների»՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի պահանջներին անհամապատասխանության հարցը։

Նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքներից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերյալ գործեր քննելու և դատական ակտեր կայացնելու համապատասխան իրավասություն։

Գանգատում շեշտվում է, որ դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», «ռազմական հանցագործներ» և «անջատողականներ»՝ նախքան նրանց մեղավորության վերաբերյալ դատական ակտի կայացումը։ Նույն մոտեցումն արտացոլվել է նաև Ադրբեջանի պետական և իշխանամետ լրատվամիջոցների հրապարակումներում, որտեղ առաջադրված մեղադրանքները ներկայացվել են որպես հաստատված փաստեր։ Այսպիսով՝ մեղավորության վերաբերյալ հանրային և պաշտոնական դիրքորոշումը ձևավորվել է դատական գործընթացի ավարտից առաջ՝ խաթարելով անմեղության կանխավարկածը։

Գանգատում բարձրացվում են նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցեր։ Մասնավորապես, 422 հատորից և շուրջ 105 000 էջից բաղկացած գործի նյութերի մեծ մասը հասանելի չի եղելէր պատշաճ թարգմանությամբ։ Պաշտպանական կողմի՝ գործի նյութերին ծանոթանալու, թարգմանություններ ստանալու, բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու, ինչպես նաև պաշտպանյալների հետ արդյունավետ հաղորդակցվելու պահանջները մերժվել կամ անհարկի ձգձգվել են։

Պաշտպանության իրավունքի խախտումները շարունակվել են նաև «դատավճռի» տրամադրման և դրա բողոքարկման փուլում։ Գերիներին հնարավորություն է տրվել միայն ընթերցել «դատավճիռը», որի վրա առկա չէին պաշտոնական կնիք կամ դրա իսկությունը հավաստող այլ վավերապայմաններ։

Միաժամանակ, «դատավճռի» օրինակները չեն տրամադրվել ո՛չ գերիների ընտանիքներին, ո՛չ անվճար իրավաբանական օգնության շրջանակում Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբաններին։ Վերջիններիս հասանելի են դարձել միայն առանձին քաղվածքներ։

Նշվում է, որ չնայած պաշտպանության իրավունքի ակնառու սահմանափակումներին՝ օգոստոսի 6-ին Վերաքննիչ դատարանը «դատավճիռն» ու դրանով նշանակված պատիժները թողել էր անփոփոխ՝ միջազգային հանրության առջև բացահայտելով Ադրբեջանի ներպետական իրավական մեխանիզմների համակարգային անարդյունավետությունը՝ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում։

Գանգատում բարձրացվում է նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված՝ առանց օրենքի հանցագործություն և պատիժ չլինելու սկզբունքի խախտման հարցը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների մասնակցությունը ռազմական գործողություններին կամ զենք կրելը ինքնին չեն կարող նույնացվել ահաբեկչական կամ այլ հանցավոր գործունեության հետ և հիմք ծառայել քրեական պատասխանատվության համար՝ առանց յուրաքանչյուր անձի վերագրվող կոնկրետ հանցավոր արարքի և անհատական մեղքի հաստատման։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։ Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։ Օգոստոսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել էր հայ գերիների գործով բողոքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+