Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մեկ տարվա՝ 2,4 մլն դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան Ballard Partners լոբբիստական ընկերության հետ՝ F-35 կործանիչների հարցը լուծելու ջանքերի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ընկերությունը հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ունեցած կապերով։
Պայմանագիրն ստորագրվել է օգոստոսի սկզբին և նախատեսում է, որ Ballard Partners-ը Թուրքիային կտրամադրի ԱՄՆ պետական կառույցների հետ կապերի ապահովման, ռազմավարական խորհրդատվության և դաշնային մակարդակում Թուրքիայի շահերի լոբբինգի ծառայություններ։
Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելուց հետո։
Հուլիսի 7-8-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թրամփը դրական է տրամադրված Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցում։ Թրամփն, իր հերթին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարցը կքննարկի։
Թրամփը հայտնել էր, որ հակված է հաստատել կործանիչների վաճառքը Թուրքիային, սակայն ընդգծել էր, որ վերջնական որոշում դեռևս չի կայացրել։
Հուլիսի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







