ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ մատակարարելու վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Անենք դա, թե ոչ՝ ես դեռ լիովին չեմ որոշել, բայց հակված եմ ասելու. տեսեք, նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը-խմբ․) մեզ շատ է օգնում»,- ասել է Թրամփը:
Մինչդեռ Էրդողանը հայտարարել է, որ «Թրամփի մոտեցումը F-35-ի հարցում դրական է»: Էրդողանը նաև ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները «մեծ մասամբ չեղարկվել են»: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԵՄ պաշտպանական նախաձեռնությունների արդյունավետությունը շատ սահմանափակ կլինի, եթե Թուրքիան լիովին չներգրավվի:
Էրդողանը կոչ է արել «անվերապահ և անհապաղ վերացնել» ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական առևտրի բոլոր սահմանափակումները:
Ավելի վաղ, Թուրքիա կատարած այցի ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կչեղարկի Անկարայի դեմ 2020 թվականին սահմանված պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթային համակարգերի գնման պատճառով և հիշատակել էր Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորության մասին:






































