Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:13

Քոչարյանի, նրա որդու և ևս 8 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքներ կան

Քոչարյանի, նրա որդու և ևս 8 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքներ կան

Հայաստանի իրավապահ մարմինները հանրային քրեական հետապնդում են հարուցել և մեղադրանքներ առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ևս 7 անձի նկատմամբ՝ քրեական վարույթի մի քանի դրվագով։ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատախազության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մեղադրյալների թվում են նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (մահացել է 2007 թվականին), Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության նախկին տնօրեն և «Այգեձոր» ՍՊԸ-ի նախկին ղեկավար Ա.Ո.-ն, նրա կինը և երկու դուստրը։

Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Դատախազությունից հավելել են, որ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքը ներկայացվել է 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքը՝ 2, իսկ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքը՝ 4 դրվագով։

Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալված Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա՝ պաշտպանության նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածին։ Armenia Today-ին ՀՀԿ-ից հայտնել են, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին։ Հոդվածը սահմանում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 8 տարով ազատազրկումն է։

Դատախազությունից հայտնել են, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթի՝ Քոչարյանը 1998-2008 թվականներին մի շարք անձանց հետ հանցակցությամբ, ենթադրաբար, օգտագործել է պաշտոնեական լիազորությունները՝ պետական գույքն իրեն, իր հետ փոխկապակցված անձանց և ընկերություններին շահավետ պայմաններով, այդ թվում՝ շուկայականից էականորեն ցածր գներով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու համար։ Քննության վարկածով՝ հետագայում փորձ է արվել քողարկել այդ գույքի ենթադրյալ հանցավոր ծագումը և դրա ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդել։

Քննվող դրվագները, մասնավորապես, վերաբերում են Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին ու Կասկադի հարակից հողամասերին, Պարոնյան 8 հասցեի գույքին, «Կապուտակ Սևան» առողջարանային համալիրին և Ծիծեռնակաբերդի խճուղում Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող տարածքին։

Ըստ դատախազության՝ մի շարք գործարքներից հետո այդ գույքերի կամ դրանք տնօրինող ընկերությունների բաժնեմասերի մի մասը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանին կամ նրա հետ փոխկապակցված ընկերություններին։

Մասնավորապես, Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող հողամասերը, ըստ քննության, սկզբում առանց մրցույթի տրամադրվել էին վարձակալության, ապա ուղղակի վաճառքով փոխանցվել փոխկապակցված ընկերության։ Հետագայում ընդհանուր 7,94 հա տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ստացած «Ֆաստ Քարթ» ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել էր Սեդրակ Քոչարյանին։

Կասկադի հարակից 2 հա հողամասն «Այգեձոր» ընկերությունը ձեռք էր բերել 39,63 մլն դրամով, այնուհետև այն փոխանակվել էր պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ։ Դրա մասերը, ըստ քննության, հետագայում օտարվել էին ընդհանուր շուրջ 1,74 մլրդ դրամով։

Պարոնյան 8 հասցեի պետական գույքը, ըստ վարույթի, 2001 թվականին 40 մլն դրամ պարտավորությունների մարման և 54 000 դրամի դիմաց վաճառվել էր փոխկապակցված ընկերությանը, ապա փոխանցվել «Այգեձոր» ընկերությանը։ Հետագայում այնտեղ կառուցված շենքի՝ 331,8 մլն դրամ շուկայական արժեքով 600 քմ հասարակական տարածքներն ու երկու ավտոկայանատեղին 99,365 մլն դրամով ձևակերպվել էին Սեդրակ Քոչարյանի անունով։

«Կապուտակ Սևան» առողջարանային համալիրի դեպքում քննությունը պնդում է, որ այն ձեռք բերած «Արթ Բիլդ» ընկերությունը չի կատարել մրցույթով ստանձնած մի շարք պարտավորություններ, սակայն գույքի նկատմամբ իրավունքը պահպանվել է։ 2010 թվականին ընկերության 50% բաժնեմասը, ըստ դատախազության, ձևական գործարքով գրանցվել էր Սեդրակ Քոչարյանի անունով։

Մեկ այլ դրվագ վերաբերում է Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի՝ Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող տարածքին։ Ըստ քննության՝ 192,45 մլն դրամ կադաստրային արժեքով գույքը 12,267 մլն դրամով ուղղակի վաճառքով օտարվել էր Սեդրակ Քոչարյանի հետ փոխկապակցված «Կինետիկ» ընկերությանը։ Հետագայում նույն հասցեի գույքը բանկում գնահատվել էր 1,1 մլրդ դրամ և գրավադրվել վարկի դիմաց, իսկ «Կինետիկի» 50% բաժնեմասը գրանցվել էր Սեդրակ Քոչարյանի հիմնադրած ընկերության անունով։

Կաշառքին վերագրվող դրվագներից մեկը վերաբերում է Վազգեն Սարգսյան 20 հասցեի «Սպայի տան» շենքին և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույցին։ Ըստ քննության՝ դրանք պետական սեփականությունից դուրս բերելու և «Պիացցա Գրանդե» ընկերությանն օտարելու դիմաց Քոչարյանին փոխանցվել էր 56 անշարժ գույք՝ ընդհանուր շուրջ 2,63 մլրդ դրամ արժեքով։ Այս դրվագում հիշատակվում են նաև Քոչարյանի կառավարման տարիներին Պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանը և այդ ժամանակ Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը։

Մյուս դրվագով՝ Քոչարյանին որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք փոխանցելու եղանակ է դիտարկվում «Տոյոտա Երևան» ընկերության 30% բաժնեմասը, որը ձևակերպվել էր Սեդրակ Քոչարյանի անունով։ Ըստ քննության՝ դրա դիմաց ապահովվել է ՊՆ-ին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի՝ շուկայականից էականորեն ցածր գներով օտարումը։

Մասնավորապես, 645,9 մլն դրամ շուկայական արժեքով Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեի հողատարածքը, ըստ դատախազության, նախ օտարվել էր 119,4 մլն դրամով, ապա մի շարք գործարքներից հետո 180 մլն դրամով վաճառվել «Տոյոտա Երևան» ընկերությանը։ Մեկ այլ՝ 747,95 մլն դրամ շուկայական արժեքով հողամաս ընկերությանն ուղղակի վաճառքով օտարվել էր 196,32 մլն դրամով։

Դատախազույունն ավելի ուշ երկրորդ հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների չորս գործող և նախկին տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործով։

Մասնավորապես, «Գրիտտի» ՍՊԸ-ի գործող և նախկին տնօրեններին վերագրվում է համապատասխանաբար 1,577 մլրդ և 328,6 մլն դրամ, Play City ապրանքային նշանի ներքո գործող ՖԱՍԹ ՔԱՐԹ ՍՊԸ-ի տնօրենին՝ 141 մլն դրամ, իսկ ԿԻՆԵՏԻԿ ՓԲԸ-ի («Օրանժ ֆիթնես») տնօրենին՝ 520,2 մլն դրամ հարկեր չվճարելը։ Նրանք են Ի.Հ.-ն, Ա.Ա.-ն, Կ.Ա.-ն և նախկին տնօրեն Հ.Մ.-ն։ 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել է նշված 4 ներկա ու նախկին տնօրենների ձերբակալության մասին։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

ՔԿ-ն նաև հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործերով օգոստոսի 25-ին 17 հասցեում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել։ Տնտեսվարողների գործունեության հասցեները կապարակնքվել են։ 

Քոչարյաններին պատկանող ընկերություններում և նրանց բնակարաններում այսօր առավոտյան մեկնարկած խուզարկություններից հետո նախկին նախագահին և նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, ձերբակալել էին։ Խուզարկություններին նախորդել էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Քոչարյանի կրտսեր որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բանավեճը։

Պատգամավորը Փաշինյանին մեղադրել էր դատական և իրավապահ համակարգին հրապարակային հրահանգներ տալու մեջ և, փոխանցելով իր ընտրողների հարցը, նրա հասցեին օգտագործել «պիղծ դավաճան» ձևակերպումը։

Ի պատասխան՝ Փաշինյանը հարցրել էր, թե ի՞նչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը միլիոնատեր դարձել։ «Ես ինչո՞ւ միլիոնատեր չեմ, դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Բացատրեք՝ այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ»,- ասել էր նա։

Փաշինյանը հայտարարել էր, որ խնդիրը «ժողովրդի հաշվին» միլիոնատեր դառնալն է և հավելել․ «Հատիկ-հատիկ ամեն ինչը պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Սա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն ու պարտավորությունը»։

Նախկին նախագահի գրասենյակը խուզարկություններն անվանել էր «իշխանությունների հերթական գրոհը» Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Քոչարյանի թիմակիցները խուզարկությունները կապել էին Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությունների հետ՝ դրանք գնահատելով որպես «ուղիղ հրահանգ իրավապահներին»։

Թարմացված է՝ 25.03.2026 | 15։50

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+