Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստան ներմուծվող հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունը և պարտադիր պահանջների պահպանումը նախապայմաններ են դրանց մատակարարումը ռուսական շուկա վերսկսելու համար։
«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հայ արտադրողների կողմից տեղական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջների պահպանումը, ներկայումս սահմանափակումների ենթարկվող ապրանքների ներմուծումը վերսկսելու հիմնական նախապայմանն է»,– հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։
Հայտարարությունն արվել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Ալմաթիում կայացած ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում ունեցած հանդիպումից հետո։
Լուտն ընդգծել է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչներին համապատասխանության ապահովման առաջնահերթությունը։ Ռուսական կողմը նաև նշել է գործող պահանջներին համապատասխանելու և առաքվող արտադրանքի անվտանգությունն ապահովելու ալգորիթմ մշակելու անհրաժեշտությունը։
ՀՀ Էկոնոմիայի նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են ակտիվացնել ՀՀ ՍԱՏՄ-ի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։ Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը կարևոր նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։
Կողմերը քննարկել են նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ-ից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկա արտահանվող ապրանքները վերաուղղել դեպի Եվրոպա։ Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը Հայաստանին մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







