Թեհրանը մտադիր է վճռական պատասխան տալ Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի պայմանների ցանկացած խախտման, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Դոհայում կայանալիք անուղղակի բանակցությունների նախաշեմին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։
«Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։ Ինչպես արդեն ցույց են տվել Իրանի զինված ուժերը, Իսլամական Հանրապետության նկատմամբ ցանկացած ագրեսիա առաջացնում է անհապաղ և վճռական պատասխան»,- ասել է Բաղային:
Նա հիշեցրել է Իրանի հասցված վերջին հարվածների մասին, որոնք իրանական կողմը համարել էր հուշագրի առաջին կետի, այն է՝ բոլոր ճակատներում մարտական գործողությունների վերջնական դադարեցման խախտում։ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե նման խախտումները շարունակվեն նաև հետագայում, խաղաղ կարգավորման գործընթացը զգալիորեն կդժվարանա։
Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք և որևէ պայմաններում չի համաձայնի, որպեսզի Իրանը վճար գանձի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







