ԱՄՆ-ն երբեք և որևէ պայմաններում չի համաձայնի, որ Իրանը վճար գանձի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հանդիպման ժամանակ։
«Հորմուզի նեղուցը միջազգային ջրային տարածք է։ Եթե մենք համաձայնենք, որ որևէ պետություն կարող է վճար գանձել միջազգային ջրային ուղիներից օգտվելու համար միայն այն պատճառով, որ դրանք անցնում են իր տարածքի հարևանությամբ, ապա դա անընդունելի է»,- հայտարարել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ եթե նման նախադեպ ստեղծվի, ապա աշխարհի տարբեր երկրներ ևս կարող են սկսել վճար պահանջել միջազգային ջրային ուղիներից օգտվելու համար, ինչը լուրջ հետևանքներ կունենա համաշխարհային առևտրի և նավագնացության տեսանկյունից։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է մեկ այլ սցենար՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Հենց դա է հիմնական պատճառը, թե ինչու այս ամենն սկսվեց»,- նշել է պետքարտուղարը՝ ակնարկելով Իրանի դեմ իրականացված «Էպիկական զայրույթ» ռազմական գործողությունը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ Հունիսի 24-ին Ռուբիոն հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի վրա աշխատող տեխնիկական խումբը կվերսկսի իր նիստը հունիսի 30-ին։






































