Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:22

«Պահանջում ենք նոր ընտրություններ»․ ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ԿԸՀ շենքի դիմաց

«Պահանջում ենք նոր ընտրություններ»․ ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ԿԸՀ շենքի դիմաց

Հայաստանի ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ՝ քննադատելով ընտրությունների վերջնական արդյունքները և պահանջելով համատարած վերահաշվարկ ու նոր ընտրությունների անցկացում։

Ընդդիմադիրները պնդում են, որ միայն նոր քվեարկության միջոցով է հնարավոր երկրում վերականգնել իրավակարգը։ Ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում։

Ակցիային մասնակցում էին ոչ միայն խորհրդարանական անցողիկ 4%-ի շեմը չհատած «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության, այլև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչներն ու իրենց հարյուրավոր աջակիցները։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ԿԸՀ այնպիսի հիմքեր են ներկայացրել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ ԿԸՀ նիստի ընթացքում նա ընդգծել է, որ հանձնաժողովը որևէ գործողություն չի ձեռնարկել արձագանքելու իշխանության չարաշահումներին։ Ըստ նրա՝ կասկած է առաջացնում այն փաստը, որ 79 125 անձնագիր չի աշխատել։

«Միասնության թևերը» նույնպես ԿԸՀ-ում ներկայացրել է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի բովանդակությունը՝ հայտարարելով, որ «ազատ ընտրության վրա ազդել են ՔՊ-ի խախտումները»։

Վերջնական արդյունքների հրապարակումից հետո հավաքվածները վանկարկում էին՝ «Ամո՛թ»։ Նրանք տեղում պարզել էին «Պահանջում ենք վերահաշվարկ» և «Մի՛ գողացեք ԲՀԿ-ի ձայները» գրությամբ պաստառներ։ ԿԸՀ շենքի հարակից տարածքում կենտրոնացված էին մեծ թվով ոստիկանական ուժեր։

ԲՀԿ ներկայացուցիչները ԿԸՀ որոշումը որակել են որպես արհամարհանք ընտրողների իրավունքների նկատմամբ։ Նրանք զգուշացրել են, որ եթե վերահաշվարկ չիրականացվի, ԲՀԿ-ն «կմնա Փաշինյանի կոկորդին»՝ շարունակելով անզիջում պայքարը քաղաքացիների քվեների պաշտպանության համար։

Ընդդիմադիրներն ընդգծել են, որ խնդիրը զուտ ԲՀԿ-ի ձայների հաշվարկը չէ. կասկածի տակ է դրված ամբողջ նախընտրական և ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

Ակցիայի ընթացքում ԿԸՀ ղեկավարությանը հասցեագրվել են «չստացված նկարիչներ» և «Ալիևի կամակատարներ» արտահայտությունները։

«Սրանք որ ամոթ ունենային, երկիրն այս վիճակում չէր լինի, «Եռաբլուրում» զոհերի ծնողներին գետնին քաշ չէին տա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասածները նույնությամբ այստեղ չէին կրկնի»,- հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը։

Armenia Today-ի թղթակիցն ակցիայի վայրից հայտնել է նաև, որ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Այդ ծայրահեղ քայլով նա իր դժգոհությունն է հայտնում ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչելու և նոր ընտրություններ չնշանակելու դեմ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել է, որ ԱԺ ընտրություններում նոր տեսակի խախտումներ են արձանագրվել, որոնք նախկինում երբևիցե Հայաստանում չէին կիրառվել։ Իր գնահատականով՝ իշխանությունները բռնաճնշումների մեծ մասշտաբներով «նոր կարմիր գծեր են խախտել»։ Մելոյանը նաև հայտնել է, որ նույնիսկ ֆիզիկական միջամտություն են փաստել․ նրա տվյալներով՝ խախտում արձանագրած վստահված անձանց շենքից հանել, ծեծի են ենթարկել։

Ակցիայի առանցքային թեմաներից էր նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ժամանումը Հայաստան և նրա հանդիպումն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ընդդիմադիր գործիչներն այս այցն ուղիղ կապել են հետընտրական գործընթացների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի պնդմամբ՝ Հաջիևն ու Գրիգորյանը քննարկում են Հայաստանում «թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրեր»։ Պատգամավորն առաջարկել է, որ Հաջիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հետ Բաքու տանի, քանի որ վերջինս, նրա գնահատմամբ, լեգիտիմ ընտրված ղեկավար չէ։

Թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն անհանգստացած է այն փաստով, որ նույնիսկ նման ծավալի խախտումներով ՔՊ-ն չի կարողացել ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն ապահովել։

Իր հերթին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ Ալիևը Հաջիևին ուղարկել է Հայաստանը «թրքացնելու» և այդպիսով կեղծված ընտրություններին իր աջակցությունը ցուցաբերելու նպատակով։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ հավելել է, որ այս իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում, փաստացի, գոյություն չունեն անկախ իրավապահ մարմիններ և ընտրական հանձնաժողովներ։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չէր հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը և վերահաշվարկ էր պահանջել, վերջնահաշվարկից հետո նույնպես չանցավ խորհրդարան։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի ՍԴ։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում, որոնց վերաբերյալ քննարկումը ԿԸՀ-ում դեռ շարունակվում է։

Կարդացեք նաև՝

Դիտեք նաև՝

«Կեղծ», «մասամբ՝ արդար», «ՀՀ-ի մահապատիժն էր»․ քաղաքացիները՝ ընտրությունների մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+