Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին, երբ կոչ էր արել տարածաշրջանի 20 բնակավայրերի, այդ թվում՝ Նաբաթիա քաղաքի բնակիչներին տարհանվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Հարվածներ են գրանցվել նաև Նաբաթիայի մերձակա գյուղերում։ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել էր, որ բնակչությունը պետք է անհապաղ հեռանա դեպի Զահրանի գետ, որը հոսում է Լիբանան-Իսրայել սահմանից մոտ 45 կմ հեռավորության վրա։
ՑԱԽԱԼ-ն ավելի վաղ Զահրանի գետից հարավ ընկած տարածքները հայտարարել էր ռազմական գործողությունների գոտի և այդ ժամանակից ի վեր պարբերաբար հարվածներ է հասցնում այդ շրջաններին։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի 45 օրով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







