«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո քննարկում է խորհրդարանում 3/5 մեծամասնություն ապահովելու տարբերակներ, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի տվյալների՝ իշխող ՔՊ-ն մտահոգված է սահմանադրական մեծամասնության բացակայությամբ և առաջիկա հինգ տարիներին քաղաքական օրակարգի իրականացման հնարավոր դժվարություններով։
Թերթը պնդում է, որ իշխանությունները դիտարկում են մի քանի սցենար․ առաջինը ենթադրում է մեծամասնության ապահովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների հաշվին, իսկ երկրորդ տարբերակով նախատեսվում է ընդդիմադիր խմբակցությունների առանձին պատգամավորների անցումն իշխանական ճամբար։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ իշխող թիմում անհանգստացած են նաև ընդդիմության հայտարարություններով՝ հնարավոր բողոքի ակցիաների վերաբերյալ, եթե ԿԸՀ-ն հրաժարվի վերաքվեարկություն նշանակել։
Թերթի զրուցակիցները չեն բացառել նաև ավելի կոշտ սցենար, համաձայն որի՝ իշխանությունները կարող են փորձել ճնշումների և քրեական հետապնդումների միջոցով թուլացնել արմատական ընդդիմությանը, որից հետո նախաձեռնել նոր արտահերթ ընտրություններ՝ Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ մեծամասնություն ստանալու նպատակով։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Հունիսի 12-ին ԿԸՀ-ն ամփոփել էր 637 ընտրական տեղամասերի ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







