Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ընտրատեղամասը գտնվում է Աբովյանի մշակույթի տանը՝ Նաիրի Զարյան 12/2 փողոցում։
Ըստ հրապարակված տվյալների՝ տվյալ տեղամասում քվեարկության օրը բացակայել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության թիվ 8 քվեաթերթիկը։
Տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը 809 է, ինչն, ըստ որոշման, արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։ ԿԸՀ-ից հավելել են, որ ընտրատեղամասի նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, հավելել են ԿԸՀ-ից:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հայտնել է, որ նշված տեղամասի վերաբերյալ դիմում էր ներկայացրել միայն ինքը։ Մելոյանի տվյալներով՝ այդ տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել էր 602, «Ուժեղ Հայաստանը»՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 67, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ 9 ձայն։
Մելոյանը նշել է, որ թե այս, թե երեկ 2 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվել ԿԸՀ-ի սեփական նախաձեռնությամբ։ Նրա գնահատմամբ՝ եթե երեք տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով «Բարգավաճ Հայաստանը» նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, պետք է որոշում կայացվի վերաքվեարկություն անցկացնելու վերաբերյալ։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







