ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում:
Թրամփը Փաշինյանին անվանել է «մեծ ընկեր և առաջնորդ», որը Հայաստանը դարձնում է «ուժեղ, հարուստ և անվտանգ», ինչպես նաև նշել է, որ վարչապետը կիսում է իր «տեսլականը Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի խաղաղության ու բարգավաճման վերաբերյալ»։
ԱՄՆ նախագահը հիշատակել է նաև մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան և հայտարարել, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի իրականացումը։
«Այս պատճառներով Փաշինյանն ստանում է իմ լիակատար և անվերապահ աջակցությունը՝ հունիսի 7-ին վերընտրվելու համար»,- հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ Փաշինյանի հետ համագործակցությունը թույլ կտա ԱՄՆ-ի, Հայաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունները բարձրացնել «աննախադեպ մակարդակի»։
«Ստեղծե՛նք Մեծ Հայաստան կրկին»,- եզրափակել է նա։
«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»,- ի պատասխան՝ գրել է վարչապետը սոցիալական ցանցի իր էջում։
Թրամփի և Փաշինյանի առաջին շփումներն սկսվել էին 2025 թվականի օգոստոսին՝ TRIPP-ի նախապատրաստման շրջանակներում։ Oգոստոսի 8-ին ստորագրվել էր համատեղ հռչակագիր, որի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրով նախատեսվում է ստեղծել TRIPP-ը։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Թրամփը մի քանի առիթով նշել էր, որ իր ջանքերի արդյունքում է, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության են հասել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






