Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դատապարտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ սկսված հետապնդումները և իշխանություններին կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք։
Կազմակերպության հայտարարությունը հրապարակել է համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Կազմակերպության պնդմամբ՝ լարվածությունը նոր մակարդակի է հասել Գարեգին II-ի դեմ սկսված «անօրինական» գործընթացների պատճառով։ Խորհուրդը շեշտում է, որ այդ հարցերը գտնվում են բացառապես եկեղեցականների իրավասության տիրույթում, և պետական միջամտությունն այստեղ անթույլատրելի է։
CCAF-ն ընդգծել է, որ եկեղեցու առաջնորդի և նվիրապետության դեմ քաղաքական բնույթի արշավն անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային սյուներից մեկին և ստեղծում է ներքին պառակտում՝ արտաքին լուրջ մարտահրավերների պայմաններում։
«Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը բախվում է արտաքին սպառնալիքների, նա չի կարող իրեն թույլ տալ նմանօրինակ բախումներ, որոնք նույնքան անարժան են, որքան կործանարար՝ միասնության և բարոյական ուժի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Համակարգող խորհուրդը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը կոչ է արել «անհապաղ վերջ դնել այդ գործողություններին»՝ նշելով, որ տեղի ունեցողը զուգորդվում է «պատմության ամենամութ էջերի» հետ։
CCAF-ը, միարժամանակ, պահանջել է վերանայել կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի, ինչպես նաև Խորհրդի քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։ Կազմակերպությունը Գարեգին II-ին և Հայ Առաքելական եկեղեցուն հայտնել է հարգանք, լիակատար աջակցություն և զորակցություն։
Կաթողիկոսը հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) ազատել էր պաշտոնից։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






