Տավուշի թեմից Տարոն քահանա Հունանյանը հրաժարվել է Մայր Աթոռում մասնակցել իր կարգապահական հարցով քննարկմանը, այդ մասին նա հայտնել է լրագրողներին։
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ Հունանյանի և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում։ Հունանյանին հրավիրել էին ծառայության վայրն ինքնակամ լքելու, Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի արարողությանը մասնակից լինելու և հակաեկեղեցական հայտարարությունների համար։
Հունանյանը լրագրողներին հայտնել է, որ հրաժարվել է իր կարգապահական հարցով քննարկմանը մասնակցել հանձնախմբի կազմի պատճառով։
«Հրաժարվել եմ մասնակցել՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները։ Խնդրել եմ, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը և միայն դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին»,- ասել է քահանան՝ խուսափելով անուններ հնչեցնելուց։
Քահանան նաև հայտարարել է, որ 2022-ից արձակուրդում է, ինչը խնդրել է այն ժամանակ թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանից՝ անձնական հարցերի պատճառով։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նա այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանում տաքսի է վարել։ Միևնույն ժամանակ՝ նշել է, որ դեռ արձակուրդում է։ Հունանյանը հերքել է, թե իշխանության հրահանգով է Հայաստան եկել՝ ընդգծելով, որ միայն «մեկ թագավոր ունի՝ Հիսուս Քրիստոսը»։
Կարգալույծ քահանան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Փաշինյանը նոյեմբերի 2-ի ծեսից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին կմասնակցի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, որը կանցկացնի Թախմազյանը։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






