Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի բավարարել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը, հայտնել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք երկու ամիս ժամկետով։ Փաստաբանը նշել է, որ որոշումը բողոքարկելու են։
«Որոշակի առումով սփոփիչ է, որ դատավոր Մանվել Շահվերդյանն իր մեջ ուժ գտավ դիմակայելու ճնշումներին և գոնե իրավանաբանության մեջ չտեղավորվող, բայց ողջամտության սահմաններում խափանման միջոց ընտրեց և կնոջը հանիրավի չուղարկեց Աբովյանի ՔԿՀ»,- ասել է Ֆարմանյանը։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին հոկտեմբերի 16-ին մեղադրանք էր առաջադրվել, նրան երկու ամսով կալանավորել էին։ Դատարանը մեկ ամսով կալանավորել էր նաև Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







