ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների ձերբակալությունների ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարության միջև կապը։
Հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ չի հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին։
«Եթե որևէ իրադարձություն փորձեք համադրել մեկ այլ իրադարձության հետ, ապա իմ այսօրվա ճեպազրույցը կարող է համընկնել տասնյակ այլ իրադարձությունների հետ»,- նշել է նա և ուշադրություն հրավիրել այն հանգսմանքի վրա, որ գուցե լրագրոողի հարցն էլ համընկնում է տարբեր մզկիթներում նամազի ժամի հետ։
Նա պարզաբանել է, որ հարձակում չի գործել եկեղեցու դեմ՝ շեշտելով, որ եկեղեցին ու այնտեղ ծառայողները նույնական չեն։
«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին, եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել՝ գնացել, ի՞նչ է, դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է։ Չեմ ասում, որ ՀՀ-ում եպիսկոպոս է կալանավորվել և տարիներ անցկացրել բանտում»,- նշել է նա։
Վարչապետը նաև բացառել է իրավապահներին հրահանգավորելու հնարավորությունը՝ նշելով, որ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ չեն կարող դուրս լինել իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից։
«Ենթադրում եմ՝ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի վերաբերյալ, քան ես։ Դուք ասում եք՝ ես հրահանգներ տալու լիազորություններ ունեմ։ Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ։ Չեմ կարծում, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանակում»,- հավաստիացրել է նա և նշել, որ հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որին արձագանքել են։
Փաշինյանը նաև ընդգծել է, թե շատերի համար քրեական գործերից խուսափելու լավագույն ձևը Հայաստանում ընդդիմադիր գործունեություն ծավալելն է, և անգամ իրենց թիմակիցները ձերբակալվելուց հետո դիրքավորվում են որպես ընդդիմադիրներ։
Մայր Աթոռից հոկտեմբերի 15-ին Armenia Today-ին հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ՝ նրանց բերման ենթարկելու մասին։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրվարույթը հարուցվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։
Տեր Արամի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո վՓաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Սեպտեմբերի 12-ին Արագածոտնի թեմը հայտնել էր քահանային կարգապահական նկատողություն հայտարարելու մասին, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







