Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից, որոշումն ընդունվել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասնել է իր կողմից ներկայացված նախագիծը։ Ըստ գերատեսչության տվյալների՝ 2025 թվականի ընթացքում հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր առմամբ՝ պետական բյուջեից հատկացվել է 439 մլն դրամ։ Ըստ այդմ, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը կավելացվի՝ հաշվի առնելով այդ ուղղության նկատմամբ առկա պահանջարկը: Այս նպատակով կիրականացվի միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխում։
Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում շահառուն հնարավորություն ունի օգտվել մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում բաղադրիչներից:
Ծրագրից օգտվելու համար և՛ գործատուները, և՛ բռնի տեղահանված անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝
«Երկու տարի առանց Արցախի». սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն
Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը
Արցախցիների համար պետական ծրագրերը նվազում են, Սամվել Կարապետյանինը՝ շարունակվում․ «Մեր ձևով» շարժման անդամ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







