«Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի, շարժման համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Նշվում է, որ կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել շարժման ներկայացուցիչներին։ Նա ցավով է անդրադարձել, որ Կարապետյանը շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։
Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կաթողիկոսին է ներկայացրել շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։
«Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական նկատեց ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ հայրապետը կարևորեց համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ-ն նաև իր գնահատանքն է հայտնել եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։
Հանդիպման ավարտին կաթողիկոսը Կարապետյանին շուտափույթ վերադարձ է մաղթել ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերարի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը, որտեղ ներկայացվել էին շարժման նպատակներն ու աշխատանքի ուղղությունները: Իր ելույթում շարժման ղեկավար և համակարգող, «Տաշիրի» փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել էր, որ շարժումը պետք է դնի ապագա քաղաքական ուժի ծրագրային հիմքը, բայց առայժմ այն ապաքաղաքական կլինի: Շարժումը կաշխատի հինգ ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրը կվերահսկվի իր աշխատանքային խմբի կողմից: Նոր քաղաքական ուժի ծրագրային աշխատանքները կավարտվեն 4-5 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա վերջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







