Առողջապահության նախարար Անահիտ Ավենասյանը, ի պատասխան Armenia Today-ի՝ Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ընթացքի մասին հարցին, հայտնել է, որ մարտի 1-ից շուրջ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել:
Ավանեսյանի կարծիքով՝ էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման համակարգը «նորմալ աշխատում է»: Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ ցանկացած նոր ինստիտուտի ներդրման պարագայում լինում են տեղեկատվության պակաս և համակարգից օգտվելու որոշակի բարդություններ:
«Ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքներն ու խնդիրները։ Եթե խնդիրներ կան, արագ լուծում են տրվում, նաև ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, օրական ռեժիմով պատասխանում ենք դրանց: 40 հազար դուրս գրված դեղատոմսերը խոսում են այն մասին, որ համակարգը նորմալ աշխատում է: Իհարկե, նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները, առաջին հերթին, նպաստում են մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համակարգի թափանցիկությանը»,- նշել է Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրման վերաբերյալ բողոքները հիմնականում վերաբերում են էլեկտրոնային դեղատոմսերի ժամկետի վերաբերյալ տեղեկատվության պակասին։
«Մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ, օրինակ, ինչ-որ մի դեղ ձեռք բերելու համար, որը երկար օգտագործելի է, ամեն անգամ պե՞տք է գնան բժշկի խորհրդատվության, որպեսզի կարողանան դեղատոմս ստանալ։ Մենք ասում ենք՝ ոչ, անհրաժեշտություն չկա, մեկանգամյա դեղատոմսով կարող են բավականին երկար ժամանակ դուրս գրվել դեղեր, և քաղաքացին ամեն անգամ բժշկի չպետք է դիմի»,- ասել է նա։
Էլեկտրոնային դեղատոմսերը Հայաստանում ներդրվել են մարտի 1-ից՝ կառավարության որոշմամբ: Փոփոխությունները վերաբերում են 400 անուն դեղամիջոցների: Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով։ 2025 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի ևս 2566 դեղ: ՀՀ-ում գրանցված 3370 անուն դեղերից 804-ը կառավարությունը կթողնի ազատ վաճառքի։ «Հրապարակ» օրաթերթը մարտի 5-ին գրել էր, որ էլեկտրոնային դեղատոմսերի գործարկումը խնդիրներ է առաջացրել առողջապահության ոլորտում՝ սկսած «Արմեդ» համակարգի խափանումից՝ վերջացրած հիվանդանոցների՝ համակարգին պատրաստ չլինելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







