Արցախցիները կարող են օգտվել պետական պատվերի անվճար բժշկական ծառայություններից, որոնք հասանելի են ՀՀ քաղաքացիներին, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան Armenia Today-ի այն հարցին, որ բազմաթիվ ահազանգեր կան բժշկական հաստատություններում Արցախից բռնի տեղահանվածներից գումար պահանջելու վերաբերյալ, թեպետ նրանց բուժօգնություն պետք է տրամադրվի անվճար:
«Հայաստանում պետական պատվերի շրջնակներում հասանելի բոլոր ծառայությունները նրանց տրամադրվում է պետության կողմից փոխհատուցմամբ և անվճար է, բայց այդ ծառայություններից օգտվելու որոշակի կարգ կա»,- ընդգծել է Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ անվճար բուժօգնություն ստանալու համար քաղաքացիները նախ պետք է գրանցվեն առաջնային բուժօգնության ստորաբաժանումներում՝ կլինիկաներում և ամբուլատորիաներում, ապա ստանան ուղեգիր։
Նրա խոսքով՝ շուրջ 67 հազար քաղաքացիներ գրանցվել են ամբուլատոր օղակում: Նրանք այնտեղ կստանան առաջնային բուժօգնություն, այնուհետև կարիքի պարագայում բժշկի կողմից տրամադրված ուղեգրի միջոցով հիվանդանոցային բժշկական ծառայություններ կտրամադրվեն։Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ այս ընթացքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվել է կոնկրետ հիվանդանոցային բժշկական օգնության 5796 ծառայություն:
Նախարարի խոսքով՝ այսօր պետական պատվերի շրջանակները չեն փակում քաղաքացիների առողջապահական բոլոր կարիքները, և այդ ծավալները պետք է հստակեցնել, որպեսզի քաղաքացիների ակնկալիքն էլ հստակ լինի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







