ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով տուժած 319 անձ, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը կազմում է 319: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: Կա նաև դրական դինամիկա, և բուժառուների մի մասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժանմունքներ, կան նաև դուրս գրված անձինք: Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 5 երեխա, 3 երեխա վիճակի լավացման հետևանքով տեղափոխվել է բաժանմունք, 1 նորածին դուրս է գրվել»,- ասել է նա:
Նախարարի ներկայացմամբ՝ շարունակվում է բուժաշխատողների հաշվառումը, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում կազմակերպել նրանց վերապատրաստման, հավաստագրման գործընթացը և Հայաստանում առկա թափուր աշխատատեղերում նրանց հնարավորինս արագ տեղավորումը: Ըստ վերջին տվյալների՝ արդեն 216 հոգի դիմել է: Այս պահին առկա են 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիքներ: Ըստ մասնագիտությունների՝ այս թափուր հաստիքները մանրամասն ներկայացված են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ այսօրվանից սկսվել են մոբիլ թիմերի աշխատանքները: Այսինքն՝ մոբիլ թիմերը կկատարեն այցելություններ, առաջնային բուժզննում, կհավաքագրեն անհրաժեշտ տեղեկատվություն՝ կարիքները գնահատելու և հետագայում դրանց ավելի հասցեական լուծումներ տանելու համար: Մոբիլ թիմերը կիրականացնեն նաև կցագրման գործառույթ, քանի որ առողջապահական բոլոր ծառայությունները պետական պատվերի շրջանակում հասանելի են բռնի տեղահանված անձանց, սակայն այս մեխանիզմները գործարկելու համար շատ կարևոր է առաջնային օղակներում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կցագրվելը: Այս պահի դրությամբ՝ 11 000 բռնի տեղահանված անձինք կցագրվել են առողջապահական առաջնային օղակներում, ինչը հնարավոր է դարձնում թե՛ պլանային բուժօգնությունը, թե՛ դեղորայքի տրամադրումը: Մոբիլ թիմերում ներգրավված են նաև հոգեբաններ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







