Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից` արտադրական գործընթացներով: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հայտարարության համաձայն՝ այս համատեքստում բացառություն չէ Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, մեզ մոտ առկա է նաև Հայաստան ժամանող չվերթների սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով:
«Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Սինոֆարմ պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:
Միաժամանակ, երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







