Իմ հայտարարությունը հիմնված է փաստերի ու արձանագրությունների վրա։ Անվտանգության խորհրդի տվյալ նիստն ամբողջությամբ արձանագրված է։ Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք։ Եթե հնարավոր լինի դա հրապարակել, ապա կապացուցվեն այն բոլոր թեզերը, որոնք ես իմ հարցազրույցում հայտնել եմ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Վերջինս նաև հերքեց կարծիքն այն մասին, թե իշխանություններն ուզում են պարտության մեղքը բարդել Զինված ուժերի վրա։
«Մենք որևէ նպատակ չունենք սլաքներն ուղղելու դեպի ԶՈւ։ ԶՈՒ-ը նույնիսկ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ զեկույց պետք է պատրաստեր, եթե մենք ուզենայինք սլաքներն ուղղել դեպի ԶՈւ, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք։ Նման նպատակ չենք ունեցել, չունենք և չենք ունենա։ Եկեք մեղավորներ չփնտրենք։ Անհրաժեշտ է, որ ԶՈւ-ը պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից կքննարկենք այն հանրության հետ»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, թե պատերազմի 4-րդ օրը տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ասել էր, որ պատերազմը պետք է կանգնեցնել, քանի որ մեր ռեսուրսները կարճ ժամանակում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրվա ընթացքում մենք կունենանք ավելի անբարենպաստ պայմաններ՝ բանակցային գործընթացի համար։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս տված հարցազրույցում հերքել էր Գասպարյանի հայտարարությունը՝ ասելով, որ նա Անվտանգության խորհրդի նիստում նման բան չի ասել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







