ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» վերտառությամբ ուղիղ եթերում հնչած ձևակերպման մասին, որտեղ նա ուղիղ տեքստով հայտարարեց, որ ԼՂ հարցն այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ չի ունենա դիվանագիտական լուծում, Armenia Today-ը զրուցեց «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։
«Ցավոք պետք է համաձայնվեմ վարչապետի հետ, որովհետև մեր երկրին միշտ պարտադրվել է կապիտուլյացիա․․․ Երբ դա պարտադրվում էր խաղաղ պայմաններում, և դիվանագիտությունն ի վիճակի էր դա երկարաձգել ու բանակցել պայմանների մասին, հնարավորություն էր ստեղծվում անվերջ պահպանել ստատուս-քվոն։ Մյուս կողմից՝ սա վերածվել է ռազմական պայքարի և ճնշման․ մեր դիրքերը բավականին թուլանում են այսպիսով։
Մենք հանդես ենք գալիս դիվանագիտական հայեցակարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանգուցալուծում գտնելու համար։ Սակայն այդպես հարցը կլուծվի միայն խաղաղ պայմաններում, ո՛չ կրակոցների տակ։ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է բացառել դա։ Հենց սա՛ նկատի ուներ վարչապետը»,- ասաց Միքայելյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել էր, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չի ունենա։
Նրա խոսքով՝ Արցախի խնդրի լուծման հետ կապված բոլոր հույսերն ու առաջարկներն այժմ ավարտված են, քանի որ այն հնարավոր փոխզիջումները, որոնք ընդունելի են ՀՀ-ի համար, չի ընդունում Ադրբեջանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







