Լոռու մարզի Մեծավան համայնքում սեպտեմբերի 5-6-ը անցկացված ստեղծարար երիտասարդական փառատոնը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների առիթ է դարձել։
Մամուլում հրապարակում եղավ, որ տեղի ունեցած վրանային հավաքին, որին մոտավոր հաշվարկներով, 200-250 երիտասարդներ են մասնակցել՝ չեն պահպանվել համաճարակային կանոնները։ Ըստ հրապարկանման՝ միջոցառումն անցկացվել է Լոռու մարզպետարանի աջակցությամբ:
Մարզպետարանի տեղեկատվության և լրատվության բաժնից Armenia Today-ին մանրամասնեցին, որ մարզպետարանը կազմակերպչական աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել։ Այլ տեղեկատվություն ստանալու համար հորդորեցին դիմել փառատոնի կազմակերպիչ, Լոռու մարզպետի նախկին խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանին։
Նախ, հերքեց, որ միջոցառման կազմակերպիչն է, հետո էլ խնդրեց հարցերն ուղղել մարզպետարանին։
«Ես կճշտեմ, հետո զանգեք իրենց»,- կտրուկ արձագանքեց նա։
Հետո զանգեցինք մարզպետարան, բայց տեղեկատվության և լրատվության վարչության ուղղված մեր հետագա զանգերը մնացին անպատասխան։
Մինչ այդ, Լևոն Տեր-Սիմոնյանին հարցրեցինք, որ միջոցառմանը հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել, մասնավորապես, մասնակիցները դիմակներ չեն կրել, վերջինս էլ պատասխանեց․ «Տեսահոլովակներ կան, նայեք, համեմատեք ստեղծված իրավիճակը ձեր ունեցած ինֆորմացիայի հետ և հարցերը մարզպետարանին տվեք»։
Ի դեպ, Լոռու մարզպետարանի կայքում փառատոնից հրապարակված լուսանկարներից երևում է, որ մասնակիցները դիմակներ չեն կրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







