Աշխարհազորը ենթադրում է քաղաքացիական բնակչության ներգրավում․ այժմ տարիքը սահմանված է մինչև 70 տարեկան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Փոխնախարարն ընդգծեց, որ պահեստազորայինները չեն կարող ներգրավվել աշխարհազորի մեջ:
«Աշխարհազարականների հետ պայմանագրեր են կնքվում, իսկ ռազմական գործողությունների դեպքում նրանք ծառայության են անցնում: Այդ պահից նրանք օրենքով նախատեսված նպաստ են ստանում, զինվորականներ են դառնում և օգտվում են սոցիալական երաշխիքներից: Զորավարժություններին մասնակցությունը չի վճարվում»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ աշխարհազորայինների շարքերը կարող է համալրել մինչև 100 հազար մարդ, նախագծն Ազգային ժողով կներկայացվի մինչև տարեվերջ:
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։
Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։ Այն նախատեսված է Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների, զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցելու համար:
Նախատեսվում է աշխարհազորը կազմակերպել քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր։
Աշխարհազորի համակարգը կգործի ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







