Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը:
Սթիվեն Բայերը կիսվել է հայ բուժաշխատողների և մասնագետների բարձր պատրաստակամության վերաբերյալ իր տպավորություններով, պատմել այս ընթացքում նրանց հետ անցկացրած քննարկումների, դասընթացների մասին: Այնուհետև նա ներկայացրել է բուժման ընթացակարգի այն հարցերը, որոնց ուղղությամբ աշխատանքները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության դեմ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:
Նշենք՝ գերմանական բժշկական թիմի այցը կազմակերպվել է առողջապահության նախարարության, արտաքին գործերի նախարարության, Գերմանիայի կառավարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Եվրամիության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով։ Աջակցել են նաև Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը, Առողջապահության դաշնային նախարարությունը և գերմանական օդուժը: Թիմն իր հետ բերել էր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ, նյութեր (PPE, դեղեր)։ Բժիշկներն աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնում և ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







