ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին ստորագրել է մեկ այլ որոշում, որով փոփոխություն է կատարվել ապրիլի 13-ի N1, ինչպես նաև փոփոխություն եւ լրացում է կատարվել ապրիլի 20-ի N8 որոշումների մեջ: Այս մասին հայտնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը։
Փոփոխության շահառուները մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող հարկային մարմնում հաշվառված անձինք են, որոնց ելքը հանրապետությունից թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ: Մասնավորապես, տվյալ անձինք կամ սուբյեկտները գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն՝ ելքի բազմակի թույլտվություն ստանալու խնդրանքով: Նախարարությունը, քննարկելով դիմումները, ներկայացված տեղեկությունները հավաստի համարելու դեպքում այդ անձանց վերաբերյալ տվյալները ներկայացնում է պարետին՝ նրանց ելքը թույլատրելու միջնորդությամբ: Միջնորդությունը բավարարելու դեպքում պարետը ելքը թույլատրելու մասին համապատասխան ցուցում է տալիս ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին:
Իսկ վերադառնալիս սահմանային անցակետում նրանցից նմուշառում է իրականացվում՝ թեստավորման նպատակով: Դրանից հետո տվյալ անձինք ինքնամեկուսանում են ոչ թե 14, այլ 1-ից 2 օր՝ մինչև ՊՇՌ թեստի պատասխանի բացասական լինելու մասին ԱՀ առողջապահության նախարարության կողմից ծանուցվելը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







