ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում:
«Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է, և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:
Եղեք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ իրավիճակը սրվել է հուլիսի 12-ին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հրետանու օգտագործմամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գրավել հայկական հենակետը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակել է պարբերաբար հրետակոծել հայկական սահմանային դիրքերը և սահմանամերձ գոտում գտնվող բնակավայրերը: Ադրբեջանի զինված ուժերը օգտագործում են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և անօդաչու սարքեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 4 զինծառայող: Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի զինված ուժերի կորուստը կազմել է 12 սպանված մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







