Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերին: Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին օրերին հաստատված նոր դեպքերի թիվը կրկին գերազանցել է 100-ը։
Ըստ վարչապետի, քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է վարկած, թե կորոնավիրուս չկա, սարքած գործ է: Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչն է նման վարկած տարածելու պատճառը:
«Խնդիրն այն է, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտ 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոն: Եվ ըստ էության, այս պարագայում հիվանդությունը մարդու համար թղթի վրա գրված ախտորոշում է:
Ի՞նչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք՝ հիվանդ ենք: Նկատի ունենք, որ ջերմություն ունենք, ցավ ունենք և այլն, բայց մեր դրական աշխտորոշված պացիենտների 75 տոկոսը ուղղակի թղթի վրա գրած ախտորոշում է»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ նման դեպքերում մարդուն շատ դժվար է ապացուցել, որ ինքը որևէ խնդիր է ունեցել, քանի դեռ այդ ընտանիքի որևէ անդամ, հիմնականում տարիքով անդամ չի վարակվել, նրա վիճակը չի ծանրացել, ընդհուպ մահվան ելքով: Այսօրվա դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է մահվան 49 դեպք, նշեց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ համաճարակային իրավիճակից ելնելով, պետք է այսօր արտակարգ դրությունը երկարազգելու որոշում կայացվի:
«Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք պետք է գնանք ոչ թե սահմանափակումներ կիրառելու ճանապարհով, այլ պետք է գնանք արտակարգ դրության պայմաններում մարդկանց համոզելու ճանապարհով, որտեղ պետք է պարտադրենք պահել անվտանգության կանոնները: Մեր ռազմավարությունն է՝ ոչ մի կերպ չվերադառնալ փակման ռեժիմին»,-նշեց վարչապետը՝ մանրամանսելով, որ նախկինում փակման ռեժիմը որդեգրվեց հիվանդանոցային կարողությունները ընդլայնելու, վերադասավորումներ անելու համար:
«Մենք հիվանդանոցային մեր 300 տեղերը հնգապատկել ենք և դարձրել ենք 1500, և հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է»,- հավելեց նա:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դեռ մարտ ամսին հաշվարկել էին, որ եթե Հայաստանում կորոնավիրուսը զարգանար «իտալական սցենարով», ապա մեկ ամսվա ընթացքում կունենայինք 10.000 մահ:
«Մենք համոզված չէինք, որ այդ սցենարով չի ընթանա, և եթե անկեղծ ասեմ, մինչև հիմա էլ համոզված չենք: Պետք է արձանագրեք, որ ինչքան էլ մեր ռազմավարությունը սահամափակումների ռեժիմին չվերադառնալն է, այնուամենայնիվ, մենք կարող ենք ստիպված լինել գնալ այդպիսի որոշման: Դա կլինի մի պարագայում, եթե մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Եթե պարզվի, որ կա 1500-ից ավելի հիվանդ, որ ունի բուժօգնության կարիք, անհրաժեշտություն, մենք ստիպված կլինենք, ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին»,- տեղեկացրեց վարչապետը՝ հավելելով, որ երկրում համավարակի ակտիվ 2217 դեպքից 600-ը որևէ բուժօգնության կարիք ունեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







