Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերջին երկու տարիների բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։
Նախարարի խոսքով՝ ստեղծվել էր, կարծես թե, ստացվել էր անհավասար իրավիճակ, որն այժմ փորձում են ուղղել։
«Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- նշեց Թորոսյանը։
Թորոսյանը նշեց նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ պետության կողմից տրվող հավելյալ աջակցության շնորհիվ ընտանեկան նպաստի 30 միավորից իջել էին 28-ի և դուրս էին մնացել պետպատվերի շրջանակում մատուցվող բուժօգնության ծառայությունից։
Նախարարը հայտնեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր մասով ուղղում է կատարել և հանձնարարվել է առողջապահության նախարարությանը համապատասխան ուղղումներ կատարել, որ այդ քաղաքացիները կարողանան օգտվել պետպատվերի շրջանակում մատուցվող բուժօգնությունից։
«30 միավորից 28-ի իջած քաղաքացիները մոտավորապես 45 000 հոգի են, և նաև կային այնպիսի քաղաքացիներ, որոնք 28-30-ի շրջակայքում էին, հնարավոր է՝ նորից դուրս գան։ Նրանց թիվը տատանվում է էլի մի քանի տասնյակ հազարի շրջանակում։ Մենք աշխատում ենք, որ միավորների շրջանակում տրամադրվող փաթեթները լինեն համաչափ և տարբերություն չլինի»,- նշեց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







