«Շանթ» հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկայում 150 մլդ դրամի կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Բայց ինչպե՞ս, ո՞ր ճյուղերին։ Ու այս հարցին պատասխանելիս պետք է միտվենք ապագային, ոչ թե անցյալին»,- ասաց նա։
Վարչապետը տեղեկացրեց, որ առաջին փուլով իրենք 25 մլդ դրամ կհատկացնեն հետևյալ ծրագրին․ «Մենք կասենք, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանի բանկերից իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու համար, հումք ձեռք բերելու համար և այլն, 50 տոկոսով կհամաֆինանսավորենք»։ Բացի այդ, ըստ վարչապետի, կառավարությունն այդ ընկերություններին և անհատների կսուբսիդավորի բանկերից վերցված վարկերի տոկոսների զրոյացման համար։
Փաշինյանն ասաց, որ խնդիր են դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքանով, որ տոկոսը զրոյանա։
Բացի այդ, ըստ նրա, իրենք պատրաստել են 30 մլդ դրամի փաթեթ, որպեսզի բացառվի մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժումը։ Նա նշեց, որ քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին։
«Տնտեսությունը անկանխատեսելի երևույթ է։ ԵՄ սնունդ արտահանելը մեզ համար հեշտ չէ, բաց չեն ճանապարհները, բայց ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մեկ ամիս հետո ԵՄ-ն ինքը մեզ չի խնդրելու սնունդ մատակարարել։ Վստահ եմ, որ կորոնավիրուսից հետո համաշխարհային տնտեսական հեղափոխություն է սկսելու ու լավ է, որ մենք առաջինն ենք, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարել ենք»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







