Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները բարձր տեխնոլոգիաների, կապի և փոստային ծառայությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը (ԲՏԱԱԲՆ)։
Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի հանդիպման ավարտին։ Արձանագրությունն ընդգրկում է երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի նախարարության և «Հայփոստ» ընկերության համագործակցության ուղղությունները։
Նախարարության տվյալներով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան երկու նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի հետագա ստորագրման համար։
Հանդիպմանը կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Քննարկվել է նաև առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը։ Այն կարող է ուսումնասիրել երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, ինկուբատորների և աքսելերատորների համագործակցության հեռանկարները։
Կողմերն անդրադարձել են օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնմանը, միջազգային կապի թողունակության ավելացմանը, սահմանային գոտիներում ռադիոխանգարումների կարգավորմանը, փոստային և լոգիստիկ ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորություններին։
Օրակարգում են եղել նաև էլեկտրոնային առևտրի խթանումը, գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը և Հայաստան-Իրան համատեղ տեխնոլոգիական համաժողովի ու բիզնես ֆորումի կազմակերպումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-10-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստի պայմանավորվածություններին։
Հայաստանն ու Իրանը սեպտեմբերի 12-ին մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։ Այն նախատեսում է դյուրացնել բեռնատարների տեղաշարժը, համակարգել մաքսային հսկողությունը և զարգացնել մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







