Պերուի կենտրոնական հատվածում երեկ՝ նոյեմբերի 20-ին, 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Լիմայում, հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով Գերմանիայի երկրագիտական հետազոտությունների կենտրոնը (GFZ)։
Պերուի երկրաֆիզիկական ինստիտուտի (IGP) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը եղել է 6,7։ Էպիկենտրոնը գտնվել է Անդերի լեռնային շրջանում՝ Խունին քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախի խորությունը կազմել է 129 կմ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:09-ին (նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 04:09-ին)։
Լիմայում ցնցումների հետևանքով բնակիչները դուրս են եկել իրենց տներից։ Հեռուստատեսային կադրերում երևացել է, թե ինչպես են պատգամավորները լքում խորհրդարանի շենքը։
Խունին նահանգի տեղական խորհրդի անդամ Վիսենտե Կիսպեն RPP հեռուստառադիոընկերությանը հայտնել է, որ իշխանությունները երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացել։
«Առայժմ վնասների մասին տեղեկություններ չկան։ Սա առաջին դեպքն է, երբ այս շրջանում նման ուժգնության երկրաշարժ է զգացվել»,- ասել է նա։
Զոհերի, տուժածների կամ զգալի ավերածությունների մասին նախնական տեղեկություններ չեն ստացվել։
ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման համակարգի տվյալներով՝ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չի առաջացել։
Խունինի շրջանում գործում են մի շարք հանքարդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ չինական Chinalco ընկերությանը պատկանող Toromocho պղնձի հանքը, որը Պերուի խոշորագույն հանքավայրերից է։
Պերուն գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակում՝ բարձր սեյսմիկ ակտիվությամբ գոտում, որտեղ տեկտոնական սալերի շարժման հետևանքով հաճախակի երկրաշարժեր են տեղի ունենում։
ABC News-ի տվյալներով՝ Պերուական Անդերում օգոստոսին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել էր երկու մարդ, վնասվել էին բնակելի տներ, բուժհաստատություններ և դպրոցներ։ Հուլիսին Խունինի շրջանում գրանցված 5,5 մագնիտուդով երկրաշարժը խլել էր վեց մարդու կյանք, ևս 30-ը վնասվածքներ էին ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







