Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դոցենտ, փաստաբան Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու որոշումը, հայտնել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ դատարանը նոյեմբերի 19-ին մերժել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Գործը քննել է դատավոր Ի. Բաղմանյանի նախագահությամբ դատական կազմը։
«Գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,- գրել է Մանուկյանը։
Մանուկյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ և փաստաբան։ Սահակ Մանուկյանի աշխատանքից ազատման մասին հայտնի էր դարձել 2025 թվականի հոկտեմբերի 27-ին։ Նա պնդել էր, որ ԵՊՀ ռեկտորն իրեն ազատել է դասախոսության ընթացքում օգտագործած օրինակի պատճառով։ Մանուկյանի խոսքով՝ որոշմանը նախորդել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի միջամտությունը։
Պատգամավորը հերքել էր, որ խոսել է ԵՊՀ ռեկտորի հետ կամ միջամտել դասախոսի ազատմանը։ ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանը հայտնել էր, որ Մանուկյանին աշխատանքից ազատել են ոչ պատշաճ վարքագծի և էթիկայի կանոնների բազմակի խախտումների պատճառով։ Նրա խոսքով՝ համալսարանն ուսանողներից և նրանց ծնողներից բազմաթիվ բողոքներ էր ստացել։
Առաջին ատյանի դատարանը 2026 թվականի մարտի 4-ին բավարարել էր Մանուկյանի հայցը և անվավեր ճանաչել նրան աշխատանքից ազատելու մասին ԵՊՀ ռեկտորի հրամանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







