Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 21
Երևան +16°
  • Երևան+16°
  • Գյումրի+10°
  • Վանաձոր+17°
  • Կապան+21°
  • Սևան+11°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Շաբաթ, Նոյեմբերի 21 12:48

Ընդդիմությունը Փաշինյանին վեց ձայն չտվեց Սահմանադրության հանրաքվեի համար

sahmanadrutyun
Փաշինյան

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ապահովել այն վեց ձայնը, որն իշխող կուսակցությանը պակասում է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Դեռ հոկտեմբերի 30-ին երկու խմբակցությունն էլ հայտարարել էր, որ չի աջակցի սահմանադրական փոփոխություններին, որոնք կապում են Ադրբեջանի պահանջների հետ։ Ընդդիմությունը Երևանում իրազեկման ակցիաներ է անցկացնում նոյեմբերի 8-ից՝ քաղաքացիների հետ նոր Սահմանադրության ընդունման հնարավոր հետևանքները քննարկելու համար։

Ի՞նչ է առաջարկել Փաշինյանն ընդդիմությանը

Փաշինյանը 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ նոյեմբերի 20-ին, պարզաբանել է, որ հանրաքվե նշանակելու համար բավական է ընդդիմության վեց պատգամավորի աջակցություն։ Նոր Սահմանադրության նախագիծը քվեարկության դնելու համար անհրաժեշտ է 105 պատգամավորից առնվազն 70-ի ձայնը։ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։

«Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին, և նույն օրը նա ուղերձով կդիմի քաղաքացիներին։

Փաշինյանն այդ առաջարկը ընդդիմադիր խմբակցություններին հնչեցրել էր նոյեմբերի 18-ին, իսկ նոյեմբերի 19-ին կառավարության նիստում ներկայացրել պայմանները։ Նրա խոսքով՝ հանրաքվեում նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում կպաշտոնավարի մինչև հաջորդ ընտրություններ՝ այլևս չառաջադրվելով վարչապետի պաշտոնում։

Փաշինյանի գնահատմամբ՝ խուսափելով հանրաքվեից՝ ընդդիմությունը պաշտպանում է գործող սահմանադրական կարգը։ Ըստ նրա՝ 1990 թվականի Անկախության հռչակագրի որոշ դրույթներ խոչընդոտում են Ադրբեջանի հետ հակամարտությունից դուրս գալուն։

«Ընդդիմությունը վերջին շրջանում և նույնիսկ վերջին օրերին, խուսափելով մեր առաջարկից, ապացուցում է այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում ենք․ գործող Սահմանադրությունը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի, հակամարտության մասին են»,- ասել է Փաշինյանը։

Ընդդիմությունը կասկածում է Փաշինյանի խոստմանը

«Ուժեղ Հայաստանը» չի աջակցի հանրաքվեի անցկացմանը նույնիսկ այն դեպքում, եթե Փաշինյանը համաձայնի հրաժարական տալ, հայտարարել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն ունի իշխանափոխության սեփական ծրագիրը և պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Աբրահամյանի խոսքով՝ քաղաքական ուժը չի փոխել իր դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, քանի որ Սահմանադրության փոփոխությունը համարում է Ադրբեջանի պահանջ։

«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով, Ալիևի պահանջով չփոխվի»,- հայտարարել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք ընդդիմությունը չի՞ կորցնում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը՝ չընդունելով նրա առաջարկը, Աբրահամյանը պատասխանել է, որ իրենք արդեն ներկայացրել են իշխանափոխության ճանապարհային քարտեզը և շարունակելու են գործել դրա շրջանակում։ Նա վերահաստատել է նաև փողոցային պայքար կազմակերպելու մտադրությունը՝ հայտարարելով, որ այն լինելու է «մեկ անգամ և հաղթական»։

Նրա պնդմամբ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել ձայների 50%-ից ավելին և սահմանադրական մեծամասնություն ձևավորելու հնարավորություն, մինչդեռ ընդդիմության ստացած ձայները 2021 թվականի համեմատ աճել են 80%-ով։ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նոր ընտրությունների դեպքում ընդդիմությունը կամրապնդի իր դիրքերը։

Խաղաղության գործընթացի մասին խոսելով՝ Աբրահամյանը Փաշինյանին կոչ է արել ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը՝ առանց նոր նախապայմանների։

«Մենք առաջարկում ենք խաղաղություն՝ առանց զիջումների»,- հայտարարել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ չէ։ Աբրահամյանը պնդել է, որ համաձայնագրով կողմերն արդեն պարտավորվում են իրենց ներքին օրենսդրությունը չօգտագործել տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Նա նաև մեղադրել է իշխանություններին Ադրբեջանին նոր զիջումների գնալու պատրաստակամության մեջ՝ հայտարարելով, որ դա, իր գնահատմամբ, Բաքվին հնարավորություն է տալիս լրացուցիչ պահանջներ առաջադրել։

Գրիգորյանը վերահաստատել է, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկելու «ալիևյան սահմանադրությունը» հանրաքվեի դնելուն։ Նրա կարծիքով՝ հրաժարական խոստանալով՝ Փաշինյանը փորձում է ընդդիմադիր ընտրազանգվածին մղել, որ նրանք իրենք պահանջեն հանրաքվե՝ իշխանափոխության հույսով։

«Փաշինյանը բավականին գեղեցիկ խաղ է առաջարկել, իր պատկերացմամբ, որ իբր ինքը հեռանում է։ Այսինքն՝ փորձելով ինչ-որ ձև մոտիվացնել ընդդիմադիր ընտրազանգվածին, որ այդ հարցը բարձրաձայնեն՝ թե ինչու չգնանք հանրաքվեի, որ իշխանությունը, կոնկրետ Փաշինյանը, հեռանա»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանն իր քաղաքական վստահելիությունն ու կապիտալը համարում է երաշխիք, մինչդեռ նրա կապիտալը, Գրիգորյանի գնահատմամբ, «սուտն է»։

«Որտե՞ղ է երաշխիքը։ Եթե այդ ամբողջ պատկերացրած իր գործարքի առանցքն այն է, որ «ազնիվ խոսք» է տալիս հեռանալու, թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին։ Իր առաջարկը ոչ մի կերպ չի կարող վստահություն ունենալ ընդդիմության կողմից»,- հայտարարել է Գրիգորյանը։

Ի՞նչ է պահանջում Բաքուն և ի՞նչ է Փաշինյանը քննարկել Ալիևի հետ Դուբլինում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նոր Սահմանադրության ընդունումը համարել է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման։ Բաքուն պահանջում է Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Ադրբեջանական կողմն այդ հղման մեջ տարածքային պահանջներ է տեսնում։ Երևանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է Հայաստանի ներքին գործը։

Իշխանությունները նախատեսում են նոր Սահմանադրության նախաբանում չպահպանել 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը։ Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունում այդ հղումը չպետք է լինի՝ պատճառաբանելով Ղարաբաղյան շարժումը չշարունակելու իշխանությունների որոշմամբ։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները դեմ են հղումը նախաբանից հանելուն։ Ընդդիմադիրները պնդում են, որ փոփոխությունը կատարվում է Ադրբեջանի պահանջով և առնչվում է Արցախի հարցին։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել էին Վաշինգտոնում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Կողմերը դեռ չեն ստորագրել այն։ Արարողությունից հետո Ալիևը կրկնել էր, որ սպասում է հայկական Սահմանադրության փոփոխությանը՝ մինչև պայմանագրի ստորագրումը։

Լրագրողը նոյեմբերի 19-ի ճեպազրույցում հարցրել էր Փաշինյանին, արդյոք նա իր առաջարկը քննարկե՞լ է Ալիևի հետ Դուբլինում և արդյոք Ադրբեջանի նախագահի պատասխանները վարչապետին հի՞մք են տալիս պնդելու, որ նոր Սահմանադրության ընդունումը վերջնականապես կամրապնդի խաղաղությունը։ Փաշինյանը հաստատել էր, որ հարցը քննարկել է Ալիևի հետ։ Նա ավելացրել էր, որ աշխատանք է տանում նաև Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և միջազգային գործընկերների հետ։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության գործընթացի հետ կապված երաշխիքները հիմնված են, առաջին հերթին, իր քաղաքական պատասխանատվության և իրեն ցուցաբերվող վստահության վրա։ Վարչապետն ասել էր, որ համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը կնշանակեն Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ պահանջների բացակայություն և խոստացել ձգտել լրացուցիչ քաղաքական երաշխիքների։

Ինչպե՞ս է ընդունվում նոր Սահմանադրությունը

Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեով։ Եթե նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայներ չհավաքվեն, այն հանրաքվեի չի դրվի, և գործող Սահմանադրությունը կշարունակի գործել։ Նախագիծը կարող է հետագայում կրկին ներկայացվել։

Հանրաքվեի կայացման դեպքում նոր Սահմանադրությունն ընդունված կհամարվի, եթե կողմ քվեարկի հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախկինում հայտնել էր, որ խոսքը ոչ թե գործող Սահմանադրության առանձին փոփոխությունների, այլ նոր, հիմնական օրենքի ընդունման մասին է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  3. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  4. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  5. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  6. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+