ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտարարել է, որ դեկտեմբերին նախատեսում է պատասխան այց կատարել Ադրբեջան։ Նա հստակեցրել է, որ այցը Բաքու չի լինելու, սակայն չի հայտնել, թե որ քաղաք է մեկնելու։
Սիմոնյանի խոսքով՝ այցը նախատեսվում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստան կատարած այցին ի պատասխան։
«Նախատեսվում է իմ այցը Ադրբեջան, ոչ Բաքու քաղաք, նախապես ասում եմ»,- ասել է նա։
ԱԽ քարտուղարը հայտնել է, որ նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության և տեխնիկական հարցեր։ Նա չի բացառել նաև այլ թեմաների քննարկումը։
Սիմոնյանը հիշեցրել է, որ նոյեմբերի վերջին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանելու Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հաջիևը Հայաստան էր ժամանել հունիսի 14-ին։ Դիլիջանում նա հանդիպել էր այն ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Կողմերը քննարկել էին հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին առնչվող հարցերը, ինչպես նաև հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել էին շարունակել աշխատանքային շփումները և հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Այդ մասին ՀՀ ԱԽ գրասենյակը հայտնել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







