Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հաստատել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է հինգ տարի ժամկետով։ Նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Հովհաննիսյանի պաշտոնավարման նոր ժամկետը կսահմանվի 2026 թվականի դեկտեմբերի 24-ից։ Նա ԵՕՀ ռեկտորի պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականից;
Որոշման մեջ նշվում, որ ռեկտորի ընտրությունը կայացել է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Հովհաննիսյանն այդ պաշտոնում միակ թեկնածուն էր։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամից 19-ը։ Գաղտնի քվեարկության արդյունքում Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 14 անդամ, դեմ՝ 3-ը, ևս 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Հովհաննիսյանը պատմական գիտությունների դոկտոր է։
ԵՊՀ կանոնադրության համաձայն՝ ռեկտորն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի նիստում՝ բաց մրցույթով և գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով, իսկ ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի կառավարությունը։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ վերընտրված ռեկտորը կշարունակի ղեկավարել համալսարանի կրթական, գիտական և միջազգային զարգացման գործընթացները՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և «Ակադեմիական քաղաք» ծրագրի առաջնահերթություններին համապատասխան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







