Նա հայտնել է, որ նախագծի 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով, իսկ երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։
«Նախագծի իրականացմանը մոտենալուն զուգահեռ բնականաբար առաջացել է ադրբեջանական կողմի հետ դրա տեխնիկական պարամետրերը պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբերի խնդիրն ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, ինչպես նաև էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն ու դրանց փոխկապակցման ապահովումն է։
Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը գրեթե ավարտել է իր տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների կառուցումը։ Նրա խոսքով՝ երկաթուղին մինչև Հայաստանի սահման հասցնելու աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականի սկզբին։
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 7-ին արդեն հայտարարել էին TRIPP-ի տեխնիկական պլանավորման երկու եռակողմ աշխատանքային խմբերի գործարկման մասին։ Դրանցից մեկը զբաղվում է տրանսպորտային կապերով, մյուսը՝ էլեկտրաէներգիայի փոխանցմամբ։
Միաժամանակ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ TRIPP-ի իրականացումը չի ենթադրում Հայաստանի տարածքի նկատմամբ ինքնիշխանության կամ պետական վերահսկողության փոխանցում։
ՀՀ իշխանությունների պնդմամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրով Հայաստանը պահպանում է նախագծի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Փաստաթղթով սահմանային և մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործառույթներն ու անվտանգության ապահովումը մնում են հայկական պետական մարմինների իրավասության ներքո։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում համաձայնագրի քննարկման ժամանակ վերահաստատել էր, որ TRIPP-ի ամբողջ ենթակառուցվածքը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Հայ-ամերիկյան համաձայնագիրը նաև նախատեսում է, որ Հայաստանի սահմանային և մաքսային մարմինները պահպանելու են ֆիզիկական ներկայությունը համապատասխան անցակետերում և ինքնուրույն իրականացնելու են պետական վերահսկողության գործառույթները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ TRIPP-ը չի ենթադրում օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն Հայաստանի տարածքում։
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր հոկտեմբերին։
Նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Ենթակառուցվածքների զարգացման իրավունքի սկզբնական ժամկետը 49 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։
Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին ընդունել էր ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։
TRIPP-ի ստեղծումը նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրով։ Նախագծի նպատակներից է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման սկզբունքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







