Հայ շախմատիստները Հունաստանի Կրետե կղզում անցկացված Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում է Եվրոպական շախմատային միությունը։
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր։ Նախավերջին խաղափուլում նա հաղթել է ադրբեջանցի միջազգային վարպետ Թունար Դավուդովին, որի հետ 7 խաղափուլից հետո կիսում է առաջին տեղը։
Նարե Իսախանյանը մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում 7,5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այդ տարիքային խմբում չեմպիոն է դարձել լեհ շախմատիստուհի Լիլա Ժադկովսկան։
ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել։ Նա ինը հնարավորից վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել երրորդ տեղը։ Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Սոնա Կրկյաշարյանը 6,5 միավորով հինգերորդն է եղել։
Առաջնությանը մասնակցել է շուրջ 1250 շախմատիստ։ Մրցումներն անցկացվել են Կրետեի Հերսոնիսոս քաղաքում՝ վեց տարիքային խմբում։ Պատանիների և աղջիկների մրցաշարերն անցկացվել են առանձին՝ ինը խաղափուլով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







