Ստեփանավանի համայնքի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի մահը վրդովմունք է առաջացրել տեղի բնակիչների շրջանում և ուժեղացրել իշխանության դեմ տրամադրությունները համայնքում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ցնցել է անգամ այն բնակիչներին, որոնք ընդդիմության հետ որևէ կապ չունեն։ Թերթը նշում է, որ Գևորգյանին Ստեփանավանում հարգում և սիրում էին, իսկ նրա ցանկությունը
համայնքը ղեկավարելն էր։
Պարբերականը տեղի ունեցածը կապում է իշխանությունների գործողությունների հետ։
Ստեփանավանի բնակիչներից մեկը թերթին հայտնել է, որ տեղի բնակիչները իշխանություններին չեն ների Գևորգյանի մահը։ Նրա խոսքով՝ նրանք անգամ չեն ցանկանում լսել ծնունդով Ստեփանավանից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արփի Դավոյանի անունները։
Հրապարակման մեջ նշվում է, որ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են համայնքում տիրող տրամադրություններին։ Թերթի տեղեկություններով՝ իշխող թիմի անդամներին հանձնարարվել է առավելագույն զգուշավորություն ցուցաբերել Գևորգյանի մահվան մասին արտահայտվելիս։
Գևորգյանը նոյեմբերի 10-ի առավոտյան մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հոկտեմբերի 21-ից կալանքի տակ էր գտնվում ենթադրյալ ընտրակաշառքի գործով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքել էր մեղադրանքները՝ քրեական հետապնդումը որակելով քաղաքական։
Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







