ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի շուրջ։ Այս մասին նա հայտնել է CNN-ին։
«Կարծում եմ՝ առաջընթաց է գրանցվել։ Մարդիկ չէին հավատում, որ մեզ կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները։ Մենք վերսկսեցինք դրանք և պայմանավորվեցինք նոր հանդիպման մասին»,- ասել է Ուիթքոֆը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ին Մոսկվայում հանդիպել են Պուտինի հետ։ Կրեմլում բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ։
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Քուշները CNN-ին հայտնել է, որ բանակցությունները բովանդակալից էին
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մենք շատ հագեցած և մանրամասն բանակցություններ անցկացրինք բոլոր հարցերի շուրջ, որոնք հիմք կդառնան հետագա բազմակողմ քննարկումների համար»,- ասել է նա։
Հանդիպման ընթացքում Պուտինն առաջարկել է Կոնստանտինովկայից խաղաղ բնակիչների տարհանման մարդասիրական առաքելություն կազմակերպել։
Նրա խոսքով՝ քաղաքում դեռևս շուրջ 400-500 խաղաղ բնակիչ կա։ Պուտինն առաջարկել է առաքելությանը ներգրավել նաև արտասահմանյան, այդ թվում՝ ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Ռուսաստանի նախագահի պնդմամբ՝ քաղաքի հարակից տարածքների ականազերծման համար ռուսական կողմին անհրաժեշտ կլինի հինգ օր։
Նա առաջարկել է առաքելության կազմակերպումը հանձնարարել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովային և Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցին։
Մոսկվայում հանդիպմանը նախորդել էին նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները։ Կողմերը հայտնել էին որոշակի առաջընթացի մասին և պայմանավորվել ռազմագերիների փոխանակման շուրջ։
Քուշները հայտարարել էր, որ որոշ հարցերում փոխզիջման հնարավորություններ են ի հայտ եկել, սակայն մյուսները լրացուցիչ քննարկումների կարիք ունեն։ Մեդինսկին ևս հայտարարել էր, որ կողմերը մոտեցել են խաղաղությանը, սակայն բացառել Մոսկվայի և Կիևի միջև տարածքների փոխանակման հնարավորությունը։
Reuters-ի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաներն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն Աբու Դաբիում հանդիպել էին ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանագնացների հետ, սակայն ռուսական պատվիրակությունը հրաժարվել էր նրանց հետ հանդիպումից։
Եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետն ու վայրը դեռ չեն հրապարակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







