Բարսելոնայի կենտրոնում համընդհանուր գործադուլի շրջանակում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները կոտրել են խանութների ցուցափեղկերն ու հրկիզել աղբամանները, հայտնում է իսպանական El Periódico թերթը։
«Դիմակավորված անձինք Բարսելոնայում համընդհանուր գործադուլի շրջանակում նախատեսված ցույցից առաջ ստիպում են խանութներին փակվել և հրկիզում աղբամանները»,- գրում է թերթը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ գույքը վնասելու համար մեկ անձ է ձերբակալվել։ Իրավապահները ստորաբաժանումներ են տեղակայել քաղաքի կենտրոնական մի քանի շրջաններում։ Երեկոյան նախատեսված ակցիաների ընթացքում հասարակական կարգն ապահովելու համար ներգրավվել է ավելի քան 500 ոստիկան։
Իսպանիայում նոյեմբերի 11-ին սկսվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ։ Մասնակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, նվազեցնել գները և լուծել բնակարանային ճգնաժամը։
Առավոտվանից երկրի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ճանապարհների փակմամբ և ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներով։
Cadena SER ռադիոկայանի տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են ավելի քան 30 մարդու։ Իսպանիայի խոշորագույն արհմիությունները ոստիկանությանը մեղադրել են անհամաչափ ուժ կիրառելու մեջ՝ հայտնելով, որ ավելի քան տասը ցուցարար վնասվածքներ է ստացել։
Բողոքի ակցիաները տեղի են ունենում նոյեմբերի 29-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններից և նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից երկու օր առաջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







