ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ընդգծել այն առաջ մղելու ու տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը։
Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Նրանք քննարկել են հաղորդուղիների ապաշրջափակումը, այդ թվում՝ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրականացմանն ուղղված քայլերը։
Հանդիպումը տեղի է ունեցել Անթալիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում։
Թուրքիայի նախագահը ողջունել է Փաշինյանի այցն Անթալիա և մասնակցությունը գագաթնաժողովին։ Վարչապետը շնորհավորել է Էրդողանին միջոցառման հաջող կազմակերպման կապակցությամբ։
Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







