Եվրոպական առնվազն յոթ երկրում կիբերհարձակումների հետևանքով խափանվել է առևտրային ցանցերի խանութների սառնարանային սարքավորումների աշխատանքը, տուժել են տասնյակ ընկերություններ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակվողները վերահսկողություն են հաստատել սառնարանային համակարգերի նկատմամբ և միացրել հալեցման ռեժիմը։ Որոշ դեպքերում սառնարանների ներսում ջերմաստիճանը բարձրացել է՝ գերազանցելով 50 աստիճանը, ինչի հետևանքով մթերքը փչացել է։
Միջադեպերը նոյեմբերի 2-ի առավոտյան գրանցվել են Բելգիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և Էստոնիայում։
Տուժած ընկերությունների թվում են բելգիական Ahold Delhaize, Colruyt, Carrefour, Intermarché և Spar, շվեդական ICA և Coop, իռլանդական SuperValu առևտրային ցանցերը, ինչպես նաև Նիդեռլանդների շուրջ 20 և Էստոնիայի առնվազն մեկ ընկերություն։
Որոշ խանութներում պահպանման պայմանների խախտման պատճառով ոչնչացվել է թարմ և սառեցված մթերքի գրեթե ամբողջ պաշարը։ Իռլանդիայում տուժած խանութները փակել են սառեցված մթերքի բաժինները։
Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ հաքերային խմբավորում չի ստանձնել։
Նմանատիպ կիբերհարձակում հոկտեմբերին տեղի էր ունեցել Ֆրանսիայում՝ ազդելով ավելի քան 150 խանութի վրա։ Ըստ հրապարակման՝ դրա հետևանքով փչացած ապրանքների արժեքը կազմել է միլիոնավոր եվրո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







