ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում նոյեմբերի 1-ին անցկացվել է հայկական խոհանոցի առաջին փառատոնը (Armenian Food Festival), հայտնել են կազմակերպիչները։
Փառատոնը կազմակերպել են Menu AM-ն ու GiniFest-ը՝ ArmenianArts-ի և Orders.co-ի համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայկական խոհարարական ավանդույթները, մշակույթն ու հյուրընկալությունը։
Փառատոնն անցկացվել է Գլենդեյլի կենտրոնում՝ Նորթ Օրինջ փողոցում (North Orange Street)։ Ծրագրում ընդգրկված էին հայկական ուտեստների և գինիների ներկայացում, կենդանի երաժշտություն և ավանդական պարեր։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը հնարավորություն էր ծանոթանալու ոչ միայն հայկական խոհանոցին, այլև դրա հետ կապված ընտանեկան ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը։
Նույն օրը Գլենդեյլում անցկացվել է նաև հայկական գինիների և թունդ ալկոհոլային խմիչքների ամենամյա՝ իններորդ GiniFest փառատոնը, հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը։
GiniFest-ի շրջանակում ներկայացվել են հայկական և միջազգային գինեգործարանների ու թորած խմիչքներ արտադրողների արտադրանքը։ Ծրագրում ընդգրկված էին երաժշտական ելույթներ, սննդի տաղավարներ և հայկական արհեստագործական արտադրանքի ցուցադրություն։
GiniFest-ը հիմնադրվել է 2018 թվականին՝ Հարավային Կալիֆոռնիայում հայկական գինեգործությունն ու արտադրանքը ճանաչելի դարձնելու նպատակով։ Կազմակերպիչների տվյալներով՝ փառատոնից ստացված հասույթի մի մասն ուղղվում է կրթական նախաձեռնություններին և ուսանողական կրթաթոշակային ծրագրերին։
Գլենդեյլը ԱՄՆ-ի ամենամեծ հայկական համայնքներից մեկի կենտրոնն է։ Քաղաքում հայերը զգալի դեր ունեն հասարակական, մշակութային և գործարար կյանքում։ Հայկական համայնքի ազդեցությունն արտահայտվում է նաև տեղական կառավարման համակարգում։
2026 թվականի հունիսին Գլենդեյլի ոստիկանապետ էր նշանակվել Ռոբերտ Ուիլյամը՝ դառնալով քաղաքի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին հայը։ Ուիլյամը պատմել էր տեղի հայ համայնքի հետ իր կապերի և ոստիկանության աշխատանքին հայ բնակիչների ցուցաբերած աջակցության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







