ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հանդիպումն «ամենաարդյունավետն էր», հայտնել է ՌԲԿ-ն։
«Մենք, թերևս, ամենաարդյունավետ և իմաստալից հանդիպումն ունեցանք գործընթացի սկզբից ի վեր»,- ասել է դիվանագետը:
Նա խոստացել է երեկոյան տեղեկացնել բանակցությունների արդյունքների մասին և ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել ավելի ուշ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է, որ «լավ առաջընթաց» է գրանցվել։
Կայքը, հղում անելով Axios-ի լրագրող Բարաք Ռավիդին, նշել է, որ Ժնևի բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը մեղադրել է Կիևին խաղաղության ծրագրի վերաբերյալ ամերիկյան մամուլին բացասական տեղեկատվություն տրամադրելու մեջ։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ուկրաինական կողմը համաձայնել է հրապարակել բանակցողներից մեկի դրական հայտարարությունն «իրավիճակը պարզաբանելու համար»։ Ըստ Ռավիդի՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնել որոշ փոփոխություններ կատարելու՝ հիմնվելով Ուկրաինայի հակաառաջարկի վրա։
Axios-ը նոյեմբերի 21-ին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:
Կիևն զգուշորեն էր արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Զելենսկին պահն անվանել էր Ուկրաինայի պատմության «ամենադժվարներից մեկը» և զգուշացրել, որ երկիրը կանգնած է «արժանապատվության կորստի» և «հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի» միջև ընտրության առաջ։
Իր հերթին՝ Մոսկվան հայտարարել էր, որ նախաձեռնությունը նոր գաղափարներ չի պարունակում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ ծրագիրը կարող է օգտագործվել որպես հիմք ապագա բանակցությունների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







